ՂԱՐԱԲԱՂ. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՒ ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ՞
Լրագրողներն արդեն զանգվածաբար են փախչում Արցախից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չե՞ն տեսնում այս խայտառակությունը...
Ս.թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը «տոնեց» իր անկախության 29-ամյակը: Այս պատմական տարեդարձը հայկական երկրորդ հանրապետությունը, արդեն ավանդույթի համաձայն, դիմավորեց ԼՂ քաղաքացիների մեծամասնության մռայլ հուսահատության և համընդհանուր ընկճվածության ծանրագույն մթնոլորտում:
Արձակուրդների սեզոնը մոտեցավ ավարտին, իսկ Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիներ այդպես էլ չստացան իրենց խղճուկ աշխատավարձներն ու էլ ավելի խղճուկ կենսաթոշակները, որոնց չափը լավագույն դեպքում տատանվում է 80-200 դոլարի սահմաններում: Նույնիսկ այդ ծիծաղելի գումարները նրանք ստանում են մեծ ուշացումով: Խոսքն առաջին հերթին ուսուցիչների մասին է, որոնք դիմավորեցին տոնը դատարկ գրպաններով:
Քայլելով այդ օրը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներով, կարելի էր զարմանքով նկատել, որ այստեղ տիրող, արդեն սովորական դարձած գորշ ու տաղտկալի առօրյան հեռավոր աղերս անգամ չունի հայկական հեռուստաալիքներով փութաջանորեն գովազդվող այն «ընդհանուր հրճվանքի» հետ, որը, ըստ ամենայնի, նախատեսված է բացառապես ՀՀ բնակիչների և սփյուռքահայության համար:
Չճանաչված հանրապետության իշխանությունների կողմից կազմակերպված իմիտացիոն ու խիստ սահմանափակ «տոնակատարությունները» սովորաբար այնքան արհեստածին ու պարզունակ բնույթ են կրում, որ արժանանում են ԼՂՀ անգամ իշխանամետ քաղաքացիների ծաղրանքին:
Այն տպավորությունն է ստեղծվում, որ «տոներին» ներգրավված է ընդամենը 30-40 հոգի, ովքեր հավաքվում են ԼՂՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի խորհրդային ժամանակներից մնացած մռայլ նստավայրում, հանդես են գալիս կրակոտ, հյուսիսկորեական տիպի բոցաշունչ ինչ-որ ելույթներով, «ինքնապարգևատրվում» են, մի քանի կիլոգրամ մեդալ շաղ տալով յուրայինների շրջանում, այնուհետև գնում ավանդական ուտուշխմուշի, թքած ունենալով 99 % արցախցիների զգացմունքների ու մտածմունքների վրա: Ոչ մի շքերթ, ոչ մի զվարթ միջոցառում, ընդունելություն, ոչ մի արտոնություն բազմաչարչար, բազմամյա պատերազմի թոհուբոհով անցած, հազար ու մի զրկանք կրած բնակչության համար: Ամեն ինչ անցնում է գավառական խավարամտության, բորբոսնած, աներևակայելի հետամնացածության ու անորակության ռեժիմում:
Չգիտես ինչու «տոներն» Արցախում, որպես կանոն, սահմանափակվում են գերեզմանների՝ պետբյուջեի համար ոչծախսատար այցելությամբ, ՀՀ-ից ժամանած հազվագյուտ, քիչ հայտնի խմբերի ելույթներով ու երեկոյան հրավառությամբ, որի սոսկալի դղրդոցից ցնցվում են մոտակա կիսախարխլված շենքերն իրենց լեղաճաք եղած բնակիչներով: Ահա եվ ամբողջ «անկախության տոնը»` իր հին ու «բարի» խորհրդա-կոլխոզային ժամանակների «արժեքներով» ու չափորոշիչներով…
Երևանի մի թաղամասի բնակչություն էլ չունեցող Լեռնային Ղարաբաղը իր անկախության 29-ամյակը, որքան էլ տարօրինակ է, դիմավորում է ավերված տնտեսությամբ, սոցիալական ու բարոյահոգեբանական ծանր իրավիճակով, զանգվածային աղքատությամբ եւ բնակչության աճող արտագաղթով, որը սպառնում է վերածվել արդեն իսկական դեպոպուլյացյայի ու հայաթափման (կասկածողներին այստեղ խորհուրդ են տալիս, այսպես ասած, «ղարաբաղցիների մարդահամար» անցկացնել Ռուսաստանի եւ այլ երկրների տարբեր շրջաններում):
Հիմա կարծես թե չկա Բաքվի դիկտատը, որից միշտ բողոքում էին Ղարաբաղում, չկա դաժան սովետական թելադրանքը իր կոմունիստական ասկետիզմով, հիմա ԼՂ-ում ամենուրեք «անկախություն» է իր հարստագույն բնական պաշարներով, ինչպես ասում են` ապրի ու վայելի: Ռուս փորձագետների պնդմամբ, ԼՂՀ միայն երկու շրջանի ոսկու պաշարները հարյուր միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարների արժեք ունեն: Էլ չենք խոսում արծաթի, պղնձի, կապարի և այլ մետաղների միլիոնավոր տոննաների հասնող պաշարների մասին:
Սակայն չնայած այս հարստություններին, երջանկություն հայկական երկրորդ հանրապետությունում չկա ու չկա. ինչպես Սարգսյան Սերժիկի օրոք, այնպես էլ հիմա ոսկու տասնյակ տոննաները էլի «անհետանում» են օտար երկրներում, Էլի նույն պաուպերիզմն ու համատարած թշվառությունն է, էլի նույն «սերժազգիների» գերիշխանությունը, որոնք խախտում են նույնիսկ իրենց իսկ գրված ու չգրված բոլոր օրենքները, էլի ֆիզիկական գոյատեւման եզրին հասցված արցախահայության նույն անհույս գոյությունը: Ուր են գնում բոլոր այդ միջոցներն եւ ինչու դրանք եւ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը չեն հերիքում Ղարաբաղի քաղաքացիների ծիծաղելու չափ ցածր թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման համար, հայտնի է, երևի, միայն Աստծուն և ԼՂ իշխանություններին:
Հազարավոր արցախցիների կարծիքով, այս ողբալի իրավիճակի պատճառը ԼՂՀ իշխանությունների, հատկապես ԼՂ «իրավապահ» մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների և ազատությունների զանգվածային ու անդադար խախտումն է, խոսքի և մամուլի ազատության հազվագյուտ օջախների վերջնական ոչնչացումը, ամենաթողության ու անարդարության մթնոլորտը, ԼՂ հասարակության անխտիր բոլոր ոլորտները ներթափանցած համատարած կոռուպցիան: Որոշ դիտորդների համոզմամբ, Ղարաբաղում մոլեգնող ռազմաոստիկանական ռեժիմի «գաղափարական» հենքի կոնտուրները տատանվում են լատինաամերիկյան խունտայի և արևելաասիական խանության միջև, բայց անհամոզիչ «ժողովրդավարական» դիզայնով:
Ամենատրագիկոմիկականն այն է, որ «անկախությունն» Արցախում հռչակված է անկախ դատարանների ու անկախ մամուլի լիակատար ոչնչացման ֆոնին։ Դատարանները, կարելի է ասել, վերածվել են «վերևի» պատվերներով ԼՂ քաղաքացիներին հետապնդող իսկական բանդիտական կառույցների, իսկ անկախ լրատվամիջոցներ պարզապես գոյություն չունեն. դրանք ոչնչացվել են Սերժ Սարգսյանի և նրա դրածո Բակո Սահակյանի հրամանով։ Քրեական այս ավանդույթները շարունակվում է նաև հիմա՝ Արայիկ Հարությունյանի օրոք. չի փոխվում բացարձակապես ոչինչ:
Ղարաբաղում համընդհանուր ծիծաղ է առաջացնում ԼՂ ղեկավարների հատկապես այն հայտարարությունը, թե նրանք իբր չեն միջամտում դատարանների գործունեությանը։ ԼՂ-ն փոքր տարածք ունեցող մարզ է, որտեղ բոլոր բնակիչները, կարելի ե ասել, իրար գրեթե անուններով են ճանաչում և շատ դժվար է թաքցնել իրողությունները։ ԼՂ ղեկավարներն իրենք են հրաման տալիս, ասենք, հետապնդել լրագրողներին, իսկ հետո փարիսեաբար հայտարարում են, թե իբր չեն կարող ազդել դատարանների որոշումների վրա։ Բոլորը լավ գիտեն, որ ԼՂ իշխանություններն առանձնահատուկ ատելություն ունեն լրագրողների նկատմամբ. նրանք մեթոդաբար ազատվում են հանրապետության բնակչության եւ բնական պաշարների զանգվածային թալանի անցանկալի վկաներից: Այս տխուր ավանդույթը չի խախտվում արդեն 30 տարի։
Չդիմանալով հետապնդումներին եւ բանտարկություններին՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը լքել են եւ շարունակում են լքել զանգվածային լրատվամիջոցների արցախցի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Վերջին դեպքը Ստեփանակերտի մամուլի ակումբի արդեն նախկին նախագահ Գեղամ Բաղդասարյանն է. նա պարզապես վաճառել է բնակարանը և լքել ԼՂ-ն։
Նրանից շատ առաջ ԼՂ-ն և Հայաստանը լքեց «Ինտերֆաքս» գործակալության սեփական թղթակից և ԼՂՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի աշխատակից Բորիս Գևորգյանը։ Չնայած իշխանությունների նկատմամբ նրա ընդգծված լոյալությանը՝ նա նույնպես բանտ նետվեց։ Ղարաբաղյան իշխանությունների խրոնիկական ապաշնորհությունից ու նվաստացուցիչ վերաբերմունքից վիրավորված Գևորգյանը, ըստ որոշ տեղեկությունների, նույնպես վաճառել է ունեցվածքի մի մասը և շտապ հեռացել ԼՂՀ-ից։
Լքել են Արցախը և այլ լրագրողներ՝ Վարդան Թաշչյանը, Գարեգին Ղազարյանը, Գայանե Բեգլարյանը, Նաիրա Հայրումյանը, Հայկազն Ղահրիյանը, Ստելլա Սարուխանյանը, Լյուդմիլա Գրիգորյանը և շատ ուրիշներ, այս ցուցակը կարելի է շարունակել։ Այսօր Լեռնային Ղարաբաղում անկախ և նույնիսկ կիսանկախ մամուլը արմատախիլ է արված հիմնովին (չար լեզուները պնդում են, թե ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հրամանով)։ Ըստ լուրերի՝ կա ինչ-որ թերթ, որը քչերն են տեսնում, քանի որ այն պարզապես չի հայտնվում կրպակներում, նաև այն պատճառով, որ ոչնչացված են հենց կրպակները, գրեթե բոլորը (!)։
Փակվում են նաև գրախանութները. դրանցից նախավերջինը՝ Ստեփանակերտի հանրահայտ «Ազգիզը» վաղուց դադարեցրել է իր գործունեությունը։ Ամենուրեք եվրոպական արժեքներին իր հավատարմության մասին հայտարարող չճանաչված հանրապետության մայրաքաղաքում մնացել է ընդամենը մեկ փոքրիկ գրախանութ, քաղաքի ստորին հատվածում՝ մայրաքաղաքի կենտրոնից ու իշխանությունների աչքից հեռու: Տգիտությունն ու անտեղյակությունը պետք է համատարած լինեն. չտեղեկացված տգետին շատ ավելի հեշտ է կառավարել՝ այդպես են որոշել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի հատուկ ծառայությունները և իրենց դրածոները ԼՂ-ում:
ԼՂ իշխանությունները սիրում են զուգահեռներ անցկացնել «քաղաքակիրթ Ղարաբաղի» և «բարբարոսական Ադրբեջանի» միջև, հատկապես ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։ Եվ ի՞նչ ենք տեսնում մենք իրականում։ Պարզվում է, որ «բարբարոսական Ադրբեջանի» ղեկավար Իլհամ Ալիևն ամեն տարի (!) ֆինանսական միջոցներ է հատկացնում նույնիսկ իրեն անխնա քննադատող ընդդիմադիր լրատվամիջոցներին՝ ամեն տարի 60-80 հազար դոլար յուրաքանչյուր թերթին։ Իսկ ի՞նչ են անում «քաղաքակիրթ Ղարաբաղի» կառավարիչները։ Իսկ նրանք, իրավապահներին թաքուն հրահանգելով հետապնդել լրագրողներին և նրանց դեմ մատնագրեր ուղարկելով օտարերկրյա հատուկ ծառայություններին, ԶԼՄ-ներից խլում են վերջին կոպեկներն ու կոպտորեն ոտնահարում նրանց տարրական իրավունքները։ Ընդ որում՝ ցինիկաբար հայտարարելով, թե իբր չեն կարող ազդել դատարանների որոշումների վրա։ Ահա այսպիսի խայտառակություն...
Հիմա ԼՂ իշխանությունների բոլոր ուժերը, երեք երկրների հատուկ ծառայությունների հետ համակարգված, նետված են Սերժ Սարգսյանի և նրա արտասահմանյան հովանավորների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի «չեզոքացման» վրա։ Նրանք նույնիսկ փակ թերթերի խմբագիրներին են դիտարկում որպես սպառնալիք ռեժիմին։
Մեզ պարզապես հետաքրքրում է մեկ հարց. լրագրողներն արդեն զանգվածաբար են փախչում Արցախից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չե՞ն տեսնում այս խայտառակությունը...
«Երրորդ Ուժ Պլյուս»
Լուսանկարում՝ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
***
«Եթե այսպես շարունակվի, Արցախում միայն ծերեր կմնան» - ՏԵՍԱՆՅՈՒԹ
https://www.youtube.com/watch?v=Di8q56cLPMc — VIDEO
Комментариев нет:
Отправить комментарий