вторник, 28 января 2020 г.

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ


Ս.թ. հունվարի 27-ին ևս մեկ հոգի՝ Մհեր Պողոսյանը, Ստեփանակերտում միացել է հացադուլին՝ ի պաշտպանություն Քաշաթաղի և Քարվաճառի շրջանի գետերի: Քարվաճառի դպրոցականներն էլ պատրաստակամություն են հայտնել դասադուլ հայտարարելու...

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում Քարվաճառում ՀԷԿ-աշինության դեմ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին և ձեր ուշադրությանն է ներկայացնում նախաձեռնության հայտարարությունը, որն ուղարկվել է նաև ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով հրատապ գործողություններ պահանջող այս իրավիճակին․

«Հունվարի 20-ից Ալեքսանդր Քանանեանը հացադուլի մեջ է: Նա արդեն տևական ժամանակ է բարձրաձայնում էր Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետևանքների մասին, ցույց էր տալիս մասնավորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազդեցությունը: Բոլոր բողոքներն ու նախազգուշացումներն անարձագանք մնալուց հետո Քանանեանը դիմեց այս արմատական քայլին՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը, և միաժամանակ պահանջագիր հրապարակեց Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման վերաբերյալ:

Ի պատիվ Արցախի քաղաքական ղեկավարության՝ որոշ անհապաղ քայլեր ձեռնարկվեցին ընթացող ՀԷԿ-երի շինարարությունը դադարեցնելու և այս խնդրի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար, սակայն դրանք բավարար չեղան հացադուլը դադարեցնելու համար: Հունվարի 24-ին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո Ալեքսանդր Քանանեանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ արձանագրելով, որ «Արցախի «քաղաքական ղեկավարութիւնը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջութիւնը եւ Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զարգացման հեռանկարը փակող եւ տարածքի բնապահպանական համակարգը հիմնաւորապէս աղճատող փոքր ՀԷԿ-աշինութեան անվերապահ կասեցման անխուսափելիութիւնը»։

Փոքր ՀԷԿ-երը շատ մեծ խնդիր են ողջ Հայաստանի տարածքում: Չնայած ՀԷԿ-երը համարվում են էներգիայի համեմատաբար մաքուր աղբյուր, սակայն այս ոլորտի ոչ ճիշտ ռազմավարությունն ու վարած անհեռատես քաղաքականությունը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի զանգվածային կառուցումն ու անվերահսկելի շահագործումը՝ պայմանավորված ֆինանսական լուրջ խթաններով, առաջ են բերել բազմաթիվ բնապահպանական և սոցիալական խնդիրներ: Փոքր ՀԷԿ-երը շահութաբեր բիզնես են դարձել որոշների համար, որոնց լոբինգի արդյունքում այդ ոլորտը կարգավորող օրենքները, որոշումներն ու չափանիշները սպասարկում են միայն մասնավորի շահերը։ Շատ դեպքերում էլ նույնիսկ եղած նվազագույն պահանջների չկիրառումը բազմաթիվ համայնքների զրկել է իրենց ջրի հիմնական աղբյուրից, իսկ երբեմնի ջրառատ լեռնային գետերից թողել է մի քանի սանտիմետր լայնությամբ առվակներ:

Մարդածին կլիմայական ճգնաժամի իրավիճակում այս տարածաշրջանին սպառնացող հիմնական վտանգն անապատացումն է, և այս իմանալով՝ ուղղակի անընդունելի է լեռնային գետերի նկատմամբ նման վերաբերմունքը: Այսօր աշխարհի շատ երկրներում գետերը պաշտպանելու համար նույնիսկ նրանց ֆիզիկական անձի կարգավիճակ են տալիս և շնորհում պաշտպանությամբ՝ գետի պահապան ու իրավական ներկայացուցիչ նշանակելով տեղաբնիկ ժողովուրդների որևէ ներկայացուցչի, ով վայելում է համայնքի վստահությունը և հայտնի է բնության պաշտպանության նվիրյալ գործունեությամբ:

Կոնկրետ Արցախի պարագայում՝ շարունակական «ոչ-պատերազմ-ոչ-խաղաղություն» դրության և չճանաչված հանրապետության կարգավիճակի պատճառով բնության և հանրային ռեսուրսների անխնա շահագործումը կանխելն է՛լ ավելի դժվար է դառնում: Կորպորացիաներն ու օլիգարխներն Արցախի բնությանը վերաբերում են՝ որպես պատերազմական ավարի և բառացի՝ թալանում են այն: Մինչդեռ էկոհամակարգի անխնա շահագործումը հանգեցնում է ոչ միայն Արցախի տարածքի անապատացմանը, այլև վատթար անդրսահմանային ազդեցությունների, դրանով իսկ՝ նպաստում է պատերազմի խորացմանը և ավելացնում պատերազմ չցանկացող խաղաղ բնակչության տառապանքները։

Ալեքսանդր Քանանեանի այս արմատական քայլը հերթական անգամ դրդում է բոլորիս հրատապ գործողությունների դիմելու և իրական ու շատ արագ փոփոխություններ ձեռնարկելու: Մենք չենք տեսնում գետերի էկոհամակարգերի ոչնչացման պատճառով առաջացած հազարավոր էակների տառապանքը, սակայն գոնե տեսնում ենք մեզ շատ մոտ ապրող մեկ մարդու ինքնազոհողությունը և պարտավոր ենք ամեն ինչ անել օր առաջ դրան վերջ տալու համար: Ալեքսանդր Քանանեանի սկսած պայքարը պետք է ծավալվի ու ներառի նորանոր խմբերի նորանոր գործողություններ: Արդեն հունվարի 27-ին ևս մեկ հոգի՝ Մհեր Պողոսյանը, Ստեփանակերտում միացել է հացադուլին՝ ի պաշտպանություն Քաշաթաղի և Քարվաճառի շրջանի գետերի: Քարվաճառի դպրոցականներն էլ պատրաստակամություն են հայտնել դասադուլ հայտարարելու, որը Քանանեանի խնդրանքով առայժմ չի սկսվել:

Զորակցության ու պայքարի այլ գործողությունները կարող են ներառել ուղղակի ֆիզիկական ներգործություն ՀԷԿ-աշինության դադարեցման ուղղությամբ, ՀԷԿ-երի բիզնես-շահառուների բացահայտմանն ուղղված ակտիվ հասարակական-լրագրողական ներգրավվածություն՝ նրանց թաքուն գործողությունների մերկացման, հանրային պարսավանքի ենթարկելու, տնտեսական ու էկոլոգիական արդարության վերականգնման ուղղությամբ, անհատական կամ հավաքական ցույցեր կամ այլ ակցիաներ՝ պետական մարմիններից պահանջելով հրատապ գործողություններ, իսկ դատաիրավական մարմիններից՝ հրատապ քննություններ ու սանկցիաներ: Պահանջների առաջին փուլի կատարումից և հացադուլի դադարեցումից հետո կարևոր է նաև հասարակական լայն շերտերի շրջանակում էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելուն ուղղված քաղաքական քննարկումների ծավալումը և դրանց վերածումը պետական քաղաքականության:

Այսօր սոցիալական ցանցերի գրառումներից տեղեկանում ենք, որ Ալեքսանդր Քանանեանի առողջական վիճակը նկատելի վատացել է, ուստի հավանաբար ավելի ուժեղ զորակցության գործողությունների ժամանակը հասունացել է ու կարևոր է չուշացնել դրանք:

Հավաքական ջանքերով՝ Քանանեանի ահազանգած այս կարևոր խնդրի լուծումը Արցախի հանրության համար շատ զորացնող փորձառություն դառնալու իրական ներուժ ունի, և ներկա ու ապագա սերունդները երախտապարտ կլինեն բնական միջավայրի պահպանության գուցե դժվար, բայց արդար որոշումների համար»:
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

https://www.lragir.am/2020/01/29/512522/

Комментариев нет:

Отправить комментарий