ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ․«ԱՎԵԼԻ ՏՈՀՄԻԿ և ՄԱՐՏՆՉՈՂ ՀԱՅ ԵՍ ՉԳԻՏԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՔԱՆ ԱՐՑԱԽՑԻՆ Է»
"Ավելի տոհմիկ հայ ես չգիտեմ աշխարհում քան արցախցին է։ Ավելի մարտնչող հայ․ քան արցախցին է, ես չգիտեմ աշխարհում"։ Այս մասին հայտարարել է ճանաչված արևելագետ, լեզվաբան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը (լուսանկարում)։
"Ճշմարիտ է Արցախի մեջքին կանգնելը, Արցախի կողքին լինելը, Հայրենիքի այդ հատվածը պաշտպանելը։ Շնորհակալ եմ ձեզ, արցախցիներ, որ ոգեշնչել եք մեզ։ Ես սիրահարված եմ Արցախին, ես սիրահարված Արցախի ժողովրդին", – ասել է պարոն Մելիքյանը...
Գուրգեն Մելիքյանը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի Աբադան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962 թ. և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Գնդապետ Գուրգեն Մելիքյանը 1991–1994 թվականներին եղել է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի։
Գնդապետ Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը։ Արցախ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին։ Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.):
1995 թ. Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ։
Եղել է «Ամարաս» բարեգործական կազմակերպության վարչության անդամ, Արցախում «Արփեն» մոր և մանկան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, Արցախի հոգևոր թեմի ատենապետ (1992 թվականից)։
Մանրամասները ՝ տեսանյութում.
***
Լուսանկարում՝ Գուրգեն Մելիքյան և Մոնթե Մելքոնյան
***
«Ծնկաչոք լինել չե՛մ ուզում, դա ծնկաչոք խաղաղություն է». Գուրգեն Մելիքյան
***
«ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ, ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՔ». Գ․ ՄԵԼԻՔՅԱՆ
«Արցախի մասին ամեն նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ: Ղարաբաղցիները պետք է մեկընդմիշտ մոռանան Ղարաբաղ վերադարձի մասին եւ մշտական բնակվեն Հայաստանում»: Սրանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի խոսքերն են` Արցախի մասին, բայց սա դեռ ամենը չէ: Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ ինքն է առաջարկել աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ վերջինս հանդգնել է Արցախի մասին պատմող գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին: Իսկ դա Փաշինյանը գնահատում է այսպես. «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն վարվել», չնայած թանգարանի տնօրենն արտաքին քաղաքականություն չի վարում, այլ իր բուն գործն է անում: Ստացվում է` հայ պատմաբանները պետք է այրեն պատմության բոլոր գրքերը եւ առաջնորդվեն այն «Հայաստանի պատմությամբ», որտեղ էապես խմբագրված են Հայոց պատմության կարեւոր էջերը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ:
***
- Փաշինյանն արդեն արգելում է Արցախի մասին գրքերի շրջանառությունն ու ընթերցանությունը: Ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ է Փաշինյանն այս քայլին դիմում:
- Արցախը ետ է վերադառնալու: Վարչապետները՝ բոլորը, քամիներ են, այսօր կան, վաղը չկան, նրանք կգան ու կգնան, բայց մեր Հայրենիքը մնալու է: Նա աշխատանքից ազատում է այսօր մի կնոջ, որը համարձակվել է Արցախի մասին խոսել: Նա երբ աշխատելու եկավ` 2018 թվականին, ասաց, որ ինչ ուզի, անելու է: Հայաստանը դարձել է բռնատիրական երկիր: Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ այդ մարդը գիտի, որ այլեւս իրենից ոչ մի բան չի ներկայացնում:
- Գիտնականները, պատմաբանները այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն:
- Էլիտան պետք է ոտքի կանգնի եւ խոսի, զարմանալիորեն՝ երեմիական (դժգոհ հոռետեսությամբ) ձեւով պապանձվել են: Ես՝ որպես հայ մարդ, շատ եմ ցավում այս ամենի համար, այս իրավիճակում չի կարելի լռել: Այս մարդը մեր հայրենիքի լինելիությունը ժխտում է:
- Սովետական Միության տարիներին ո՞ր գրականությունն էր արգելված, եթե համեմատական անցկացնենք այսօրվա հետ:
- Ես հիշում եմ, որ Րաֆֆու գրքերի հրատարակությունը անգամ մի շրջան կար, որ չարգելեցին, հիմա այս մարդիկ դպրոցական ծրագրերից Րաֆֆուն հանում են: Մեր ուսումնական ծրագրերից հանում են մեր մեծերին, բայց մատնաչափ մի կասկածեք, որ ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդն իր մեջ ուժ է գտնելու եւ ոտքի է կանգնելու:
- Իսկ ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Ես անգամ կարծում եմ, որ մինչեւ ընտրություններ այս պարոններն իրենց փասափուսան հավաքելու են ու հեռանան: Մեր ժողովուրդն արդեն այս կերպարին լավ է ճանաչում: Ամեն ինչ լավ է լինելու:
- Ի՞նչ եք կարծում՝ եթե Փաշինյանն արգելում է կարդալ Արցախի պատմությունը ներկայացնող գրականություն, եթե դա նրա համար պատերազմի սպառնալիք է ու արգելված գրականություն, այդ պարագայում ինչպե՞ս կարող ենք դիմադրել այդ ամենին:
- Մտավորականները, գիտնականները, պատմաբանները պետք է ոտքի կանգնեն: Սամվել Մուրադյանը, Դավիթ Գասպարյանն ու էլի շատ մտավորականներ խոսել են այդ մասին, պետք է մնացյալները եւս խոսեն, պետք է հարց ուղղեն սրանց` ինչպե՞ս եք համարձակվում: Գալու է այդ գեղեցիկ օրը, եւ մենք անպայման իրար շնորհավորելու ենք հայկականությունը վերականգնելու համար: Հայը հաղթելու է, մազաչափ կասկած չունենաք: Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ էլ հաղթել է թշնամուն:
***
Комментариев нет:
Отправить комментарий