воскресенье, 23 ноября 2025 г.

 ՀԱՅԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁԵ՜Ք ՀԱՅԱՍՏԱՆ

ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ

Միակ ճամփան փրկության՝
Հայե'ր, դեպի Հայաստան...
Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,
Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,
Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝
Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:
Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,
Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...
Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝
Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:
Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -
Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:
Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,
Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,
Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,
Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից:
Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,
Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -
Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ
Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:
Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
Բայց դառնանում է ծովակն հայրենի, -
Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,
Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:
Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:
Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,
Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -
Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,
Կանչում՝ Սահարա անապատի պես:
Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:
Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:
Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:
Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...
Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:

Հովհաննես Շիրազ


***
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ. ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ՄԱՍԻ՞Ս

Հանճարեղ խելագարը

Երբ դեռ մանուկ տղա էի`
Ասում էին` խելառ ես դու,
Ի՞նչ թաքցնեմ` խելառ էի,
Խայթում էի ամեն մարդու,
Աչքս ձեռի հացին ձգում,
Փախցնում էի կամ թե սգում,
Քաղցից խելառ խոտ շատ կերել`
Դրանից էր խելքս կորել…

Երբ պատանի դարձա մի վառ`
Էլի էին կանչում խելառ,
Խելառ էի`ի՞նչ թաքցնել,
Աչքերդ էին, իմ աղունակ,
Խելք ու մտքիս աչքերն հանել,
Մենակ խելքի՞ս, դու չես մենակ,
Դեռ ոչ մի կույս ինձ չի սիրել`
Դրանից էր խելքս կորել:

Բայց հիմա էլ չեն ամաչում`
Հիմա էլ են խելառ կանչում,
Երբ կանչում եմ` ո´վ կույր աշխարհ,
Ե´տ տուր Մասիսն իմ վշտահար:
Ո՞վ է տեսել սարը բանտեն,
Քանդած Անին նորից քանդեն:
Ո՞նց կհանես ծովս Վանա,
Երբ իմ հայոց մի աչքն է նա,
Չե՞ս վախենում աչքից մյուս,
Որ դարձել է հրթիռ ու լույս:
Ես այս լույսով պիտի գրեմ`
Վանա ծովիս մութն էլ ցրեմ,
Սևան բերեմ ծովս Վանա,
Որ ցամաքածն իմ Սևանա
Նորից լցվի` ծովն ամրոցվի,
Հայոց դեռ բաց վերքը գոցվի:
Չէ´, կգոցվի, հույսս վառ է,
Այսօր մի ծառ, վաղն անտառ է:

Ինձ ասում են` ողջը լռել,
Դու է՞դ ում ես աչքդ հառել,-
Մասիսին եմ հառել, էլ ու՞մ,
Դու՞ էլ թուրք ես, ո´վ արնախում,
Որ պոկել ես ուզում նորից
Մասիսն` անգամ իմ շուրթերից:
Չէ´, դու լռի, քո դարն անցավ,
Քո անհատի խավարն անցավ.
Կախպերանամ թուրքին անգամ,
Երբ ինձ ետ տա հողն իմ հայկյան,
Երկիրն իմ ողջ, ծովն իմ Վանա,
Բոլոր սարերն իմ Սիփանա,
Եվ այսքան մոտ, բայց տարագիր
Արարատս` մի ողջ երկիր:

Կախպերանամ ողջ ազգերին,
Թե չթողնեն թուրքի գերին
Սրբություններն իմ հայկական.
Խելքի կգամ, երբ միանան
Արարատներն Արագածին,
Ո՞նց մոռանան շղթայվածին:
Ո՞նց մոռանամ եղեռնը մեծ,
Որ մեր արյան ծովը խմեց,
Մի բուռ թողեց հայոց ծովից,
Հազիվ պրծանք արյան բովից,
Մեր հողն առան, քարը թողին`
Ու ծարավ ենք մեր ծով հողին:

Նոր Հայաստանն առանց Մասիս`
Ինչպես առանց Մասիս` մի Սիս,
Էլ ո՞նց լռեմ` միտքս լռում,
Լռությամբ էլ սիրտս է գոռում,
Թե` ա´խ, Մասիս, ու մոլորել`
Սրանից է խելքս կորել…
Ինչպե՞ս պահեմ խելքս գլխիս,
Երբ գերի է արևն հողիս,
Մի բուռ լուսինն է ազատված,
Մայր Արաքսն է Զանգվից զատված,
Հրազդանից, որ հեղեղվում`
-Նե՜ղ է, նե՜ղ է` գոռում ինձ պես,
Բողոքում է նա էլ, թե` տե´ս,
Քանդված Անին նորից քանդում,
Ծով շղթայում, սար են բանտում,
Եվ այսքան մոտ, բայց տարագիր
Արարատս` մի ողջ երկիր`
Բանտված է դեռ, ո´վ սրտամեռ,
Ե՞ս եմ խելառ, թե՞ դու´, ո´վ Նեռ:
Եփրատ, Տիգրիս ու Վանա ծով
Դեռ լցված են հայոց լացով,
Սփյուռքված է մեծ մի ազգիկ…
Բավ չէ՞ ողջը տեսնեմ գերված,
Դուք ինձ տեսնեք խելագարված:
Ու վիճում են ինձնից անմեղ
Իմաստուններն` ինձնից խելառ,-
-Խելագար է, բայց հանճարեղ,
Հանճարեղ է, բայց խելագար,
Արարատով այնքան տարվեց,
Որ հայ վշտով խելագարվեց:

Բայց հարցրեք իմ երգերին`
Երգի փոխված իմ վերքերին,
Իրավ ծու՞ռ եմ ծնվել մորից,
Կամ թե իրավ խե՞նթ եմ նորից,
Որ երգում եմ սրտով ցասման
Թե կազատվի հողն իմ Սասնա:
Թե կազատվիս, իմ հա´յ Մասիս,
Ինչ էլ լինի` դու կազատվիս:
Ծովից ծովը ուր էլ զատվի`
Լճից լիճը պիտ ազատվի,
Յոթը դար էլ բանտում մնան`
Չէ´, կազատվեն հողերն հայկյան:
Հավատում եմ իմ հավատին`
Արքա կօծվեմ Արարատին,-
Էլ չեն հաչի, թե խենթ եմ ես`
Կզոհվեմ ես, բայց մորս պես
Կշշնջաք մեծամրմուռ.-
-Ծուռ էր, բայց թե Սասունածուռ…
Սասնա ծուռ է հայ ազգն ինքը,
Իր Սասնածուռ Դավթի նման,
Նա կազատե Հայրենիքը`
Յաթաղանից թուրք բռնության:

Շիրազն ասաց` Մասիսն է սյունն Հայաստանի,
Ազգն հավաքող մագնիս է ձյունն Հայաստանի,
Բավ է, հայե´ր, ցրված մնաք, մատներիս պես,-
Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի:

Հովհաննես Շիրազ

***


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ."ՂԱՐԱԲԱՂԸ ՄՈՐՍ ԿԱՆՉՆ Է"

ՂԱՐԱԲԱՂԻ ՈՂԲԸ

Ղարաբաղը մորս կանչն է.
Ինձ է կանչում հույսով տրտում,
Ղարաբաղը իմ կանաչն է`
Կարմիր, բայց սև ունի սրտում…

Դու էլ, դառած կռվածաղիկ, իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ,
Մեղրըդ օտար մեղվին տվող իմ ծաղիկն ես, այ Ղարաբաղ,
Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛,
Երկուսիս մեջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ:

Քանի՜ բաժան դաժան տարի հայ բերանին ա՜խ ես դառել,
Փոխել հայոց անունըդ Արցախ, օտար Ղարա բաղ ես դառել,
Դարձել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես դառել,
Էլ չեմ կարող վիշտըս լռել, վա՜յ ինձ ու քեզ, հա՛յ Ղարաբաղ:

Դեռ էն գլխից հայոց հող ես, աստվածընծա՛ իմ լեռնաձոր,
Քո դրախտից ձեռ քաշող հայն` հայոց վայն է, ո՛վ մեղրածոր,
Թե եղբայր են` ինչու՞ են քեզ մեր մեջ դարձրել կռվախնձոր,
Աստվածընծան ինչպե՜ս թողնես սատանային փայ, Ղարաբաղ:

Կթառամես անտիրական` այգեպանիդ ձեռքից զատված,
Շիքյաստի ես խաբված լսում` Կոմիտասիդ երգից զատված,
Քեզ չեն թողնի իշխան մնաս` մայր Սևանիդ գրկից զատված,
Քեզ կուլ կտան մուղամները, զառդ կանեն զա՛յ, Ղարաբաղ:

Դու՛ չես ջոկվել, քեզ խլել են, որ մոռանաս երգերն հայոց,
Ձորերիդ պես խորացել են անդնդախոր վերքերն հայոց,
Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պես վե՛ր բռունցքվեն ձեռներն հայոց.
Որ չթողնեն հայոց արծիվն օտար ծովին ճա՛յ, Ղարաբաղ:

Բա՛ց աչքերդ, անդու՛նդը տես, ե՛կ, մի՛ ձուլվիր օտար զարմին,
Իմ տարագի՛ր հայոց կռունկ, ե՛կ, խառնվիր քո երամին,
Մեզ չի՛ կարող մահն էլ զատել, մի հոգի ենք ու մի մարմին,
Դու իմ Կարսի, իմ Սասունի, իմ Մասիսի թա՛յ, Ղարաբաղ:

Մենակ դու չես որ դիմանամ. Յոթը դրախտ ունեմ խլված,
Վանա ծովը, Կարսն ու Վանը, Սիփան սարը, Անին փլված,
Հայկ նահապետ Մասիսի հետ դեռ բանտում ես` ծունկը ծալված, -
Տարտարոս է Տարոնը դեռ, ու՞ր ես, Ավարա՛յր Ղարաբաղ…

Ասում են. Թե շեն է կյանքըդ. առանց ազգի շենն ի՞նչ անեմ.
Երբ չի զնգում հայոց լեզվով` գինով թասի ձենն ի՞նչ անեմ.
Հյուսիսն ինքն էլ սառցալուռ է, էլ իմ անզոր քենն ի՞նչ անեմ.-
Գինիդ օտար թասն է խմում, արցունքըդ` հայը, հայ Ղարաբաղ:

Բարեկամը որ քեզ խլեց, էլ թշնամին բան կտա՞ ետ,
Թե լուռ մնա քար աշխարհը` չարը Կարս ու Վան կտա՞ ետ,
Ի՞նչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ, ասեմ` Նախիջևան կտա ետ,
Մոլորվել եմ ես էլ քեզ պես, պի՜ղծ է աշխարհն, ա՛յ Ղարաբաղ:
Քանի իմ հողն ինձ չեք տվել` ձեզ ելուզակ պիտի ասեմ,
Ավարայրի Վարդան դառած` ես ձեզ Վասակ պիտի ասեմ,
Երբ իմ բոլոր հողերն ինձ տաք` ձեզ հրեշտակ պիտի ասեմ,
Պիտի պաշտեմ ողջ ազգերիդ, երբ որ չասեմ վա՜յ Ղարաբաղ:

Դու էլ հայոց գրկից խլված իմ բալիկն ես, ի՛մ հեռավոր,
Պոռնկաշուրթ  բախտի ոտքին խաղալիք ես, ի՛մ լեռնաձոր.
Բայց իննչքան էլ բալիկիս պես մեր մեջ մնաս կռվախնձոր`
Շիրազն ասաց` աշխարհն անցնի` հայ գալիք ես, հա՛յ Ղարաբաղ:

Հովհաննես Շիրազ

Հուշեց Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий