ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆ․ «ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՄԵՐԸ ԼԻՆԵԼ, ԵԹԵ ՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉՓԱԽՉԵՆ»
- Տիկին Մկրտչյան, վաղուց չեք երեւում էկրաններին, ինչո՞վ եք զբաղվում, հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում հայկական երգարվեստում:
- Շարունակում եմ աշխատանքս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` արդեն 25 տարի, ջազ-վոկալ ամբիոնում եմ, սերունդներ եմ պատրաստում, նաեւ դասավանդում եմ Առնո Բաբաջանյանի անվան քոլեջում: Աշխատում եմ նաեւ Հանրային ռադիոյի երաժշտական բաժնում: Իմ տարիքում արդեն չեն երգում, սահմանափակվում եմ մանկավարժական գործունեությամբ, երգիչներ պատրաստելով, հիմա երգում են իմ ուսանողները:
- Հավանո՞ւմ եք երիտասարդ երգիչներին, նրանց երգերը, ոճը:
- Պոտենցիալը շատ մեծ է, սակայն ավարտելուց հետո բոլորը չէ, որ երգում են այն երգերը, որոնք պետք է երգեն: Երգում են ռեստորաններում, ակումբներում եւ շատ հաճախ երգում են այնպիսի երգեր, որոնք ոչ մի կապ չունեն մեր հրաշալի կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ: 70-ականներին էստրադան ու առհասարակ երգը ծաղկում ապրեց, հայ երգիչների ստեղծագործությունները միջազգային մրցույթներում մրցունակ էին, ես՝ ինքս, տարբեր միջազգային հարթակներում եմ երգել, բայց հիմա պահանջները փոխվել են, մեր ժողովուրդն ավելի շատ ինչ-որ պարային երգեր է սիրում լսել, բայց երգերը հոգու համար են, սրտի համար են, վերջապես` լսելու համար են, քնարական գեղեցիկ երգեր կան` մեղեդային: Մարդիկ այսօր գնում են ինչ-որ համերգների, համերգասրահներում սկսում են պարել, իսկ դա ցածր մակարդակի արդյունք է: Կարող են պարզապես ինչ-որ խնջույքների գնալ եւ պարել, համերգային համալիրները պարելու համար չեն: Այսօր հազվադեպ երգեր եմ կարողանում լսել, միացնում եմ հեռուստացույցը եւ անմիջապես անջատում, երբ երգն ինձ դուր չի գալիս: Անկում է, դա փաստ է, բայց անկման կողքին կա նաեւ հրաշալի երիտասարդություն, վատի կողքին կա նաեւ լավը, պարզապես` վատը գերակշռում է, դե՝ ազատ դաշտ է, ով ինչ ուզում է, անում է։ Մարդիկ առանց կրթություն ստանալու երգիչ են դառնում, տեսահոլովակներ են նկարում եւ չկա վերահսկող: Ով հնարավորություն ունի, նա այսօր երգիչ է:
- Ո՞ր ժամանակակից երգիչներին եք նախընտրում լսել:
- Կան երգիչներ, ովքեր ունեն ոճ, ինձ համար անհատականություն են, օրինակ` Գոռ Սուջյանը, Արամը՝ MP3-ին ու էլի մի քանիսը, ովքեր ոճական, կատարողական առումներով շատ հետաքրքիր են:
- Ինչպե՞ս ստացվեց, որ ռաբիս երգիչները սկսեցին Համալիրում 12-13 հազար հանդիսատես հավաքել:
- Փող ունեն, ինչ ուզում, անում են: Մարդիկ էլ ուրախության պակաս ունեն, գնում են ուրախանալու, պարում են, երգում են, բայց ես չեմ էլ հետեւում նրանց: Ի՞նչ կարող ենք անել, եթե մարդկանց ճաշակն իջել է այդ աստիճան: Տարածված տեսակետ կա, որ ժողովուրդն ինչ պահանջում է, դա էլ մատուցում են, բայց ես դրա հետ համաձայն չեմ, ժողովրդին ինչ հրամցնում են, ժողովուրդը դա էլ վերցնում է: Մեր ժամանակ ինչո՞ւ ժողովուրդը ռաբիսություն չէր պահանջում, թեպետ էլի կային ռաբիսներ, բայց այսքան շատ չէին, հարսանիքների, կնունք-ծնունդների համար էին նրանք: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ կար պետական հսկողություն, իսկ հիմա ինչ-որ արաբական, թուրքական երաժշտություն է հնչում, որը ոչ մի կապ չունի հայկական երաժշտության հետ։ Եթե ուրախ երաժշտության կարիք կա, ապա կան նաեւ ուրախ հայկական երգեր, կարող են դրանք երգել կամ ստեղծել ուրախ հայկական երաժշտություն, առանց ավելորդ օտար կլկլոցների:
- Հավանաբար, Դուք էլ եք լսել, որ հաճախ մարդիկ հատկապես ավագ սերնդի արվեստագետներին մեղադրում են լռելու, կրավորական կեցվածք ընդունելու մեջ: Ասում են` Արցախը կորցրինք, տղաներ զոհեցինք՝ արվեստագետները լուռ են․․․
- Արցախի կորուստն ինձ համար ահավոր ցավ է, ես ուղղակի բառեր չեմ գտնում, կորուստ էր` տարածքային ու մարդկային, անթույլատրելի մի բան էր, որ չպետք է լիներ: Ո՞նց կարող ենք անտարբեր լինել, միայն պատկերացնելով այդ մարդկանց տեղահանումը, նրանց զգացմունքները, ի վերջո` հայրենիքի կորուստը, խենթանալու բան է: Դա մեծ ողբերգություն է ամեն մի հայի համար, մենք չենք կարող դա հանգիստ ընկալել:
- Իշխանությունը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, առեւտուր անել։ Հավատո՞ւմ եք, որ հայն ու ադրբեջանցին կարող են խաղաղ ապրել:
- Ոչ, չեմ հավատում, թուրքը միշտ մնում է թուրք, նա չի կարող խաղաղ ապրել:
- Ասում են` Արցախն ադրբեջանական տարածք էր, որը վաղուց հանձնված էր...
- Ուղղակի աբսուրդ է, խենթություն: Մեր ցավն է սա, որ գալիս է դարեդար: Մեր ազգին միասնականությունն է պակասում:
- Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է մի օր կորցրածը վերադարձնել, թե՞ անվերադարձ կորցրինք եւ Արցախը նույնպես դասվեց մեր պատմական կորուստների շարքը:
- Արցախը կարող է նորից մերը լինել, եթե հայերը Հայաստանից չփախչեն, սա մեր երկիրն է, մեր հողն է, ո՞նց կարող է մարդ Հայաստանը թողնել, գնալ արտասահմանում ապրել: 10 միլիոնից Հայաստանում մեկուկես միլիոն մարդ է ապրում, էլ ի՞նչ ապագա կարող ենք ունենալ: Եթե բոլորը, հատկապես` երիտասարդությունը, իր ապագան դրսում է տեսնում, ինչպե՞ս կարող ենք նվաճող լինել: Բոլորի ուշքն ու միտքը Հայաստանից գնալն է, ընտանիքներ են քանդվում քաղաքականության հողի վրա, ինչո՞ւ: Իմ երեխաներն էլ արտերկրում են ապրում, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ ես իմ թոռնիկին ամեն օր չպետք է տեսնեմ: Ի՞նչ պակաս երկիր է Հայաստանը: Ես երբեք չեմ գնացել Հայաստանից, չեմ էլ գնա, իմ երկիրը շատ եմ սիրում, ինչ էլ լինի, մնալու եմ: Ժամանակին էլ մեծ հնարավորություններ եմ ունեցել Հայաստանը լքելու, բայց ոչ մի դեպքում չեմ գնացել: Ամեն ինչ սիրելի է Հայաստանում: Դրսում ապրող հայերի բոլոր խնդիրներին մի ահավոր մեծ ցավ է ավելանում` կարոտի զգացումը, որը բոլոր գնացողներին տանջում է, գնում են, բայց, չգիտես ինչու, բոլորն ուզում են թաղվել Հայաստանում, իսկ Հայաստանը գերեզմանատուն չէ, Հայաստանը շենացնելու երկիր է:
- Գուցե շատ են պատերազմով վախեցնում մարդկանց, դա՞ է պատճառը:
- Դա հատուկ քաղաքականություն է: Վախեցնում են, այո, եւ մարդիկ վախենում են, բայց ինչո՞ւ պետք է մեր երկրի բանակն այսքան թույլ լինի, որ վախենանք, ինչո՞ւ պետք է այսքան անպատրաստ լինեինք, դրան գումարած` գաղափարապես այսքան տկար, հայրենիքի գաղափարը շրջանցող: Դեպի Եվրոպա գնալու ձգտումները խանգարում են մեզ, փոխանակ Եվրոպայից լավը վերցնենք, վերցնում ենք միայն վատը, փոխարենն ամրացնենք ընտանիքի գաղափարը, ավանդույթներին առավել կարեւորություն տանք:
- Բանակից խոսեցիք` այժմ օրենք են ընդունում, որ փողի դիմաց բանակից ազատվեն․․․
- Ի՞նչ է դա` ապազգային որոշում է, ո՞նց կլինի նման բան: Ի՞նչ է նշանակում՝ գումար տալ ու բանակ չգնալ: Բայց ասեմ, որ գյուղերում գոնե հայրենիքի գաղափարը մնացել է: Ինչ-որ մարդիկ են գալիս, օրենքներ են փոխում, չգիտես ինչ են անում...
- Ազգային ժողովի ամբիոնից իրար են հայհոյում...
- Ամաչում եմ այդ ամենից, թեպետ ամբողջ աշխարհում են իրար սկսել հայհոյել, բայց մեզ չի կարելի, մենք փոքր ազգ ենք, մեր մեջ անհատներն են տաղանդավոր, բայց միասնություն չկա: Ուրիշ երկրներում հայերը ծաղկեցնում են, շենացնում, բայց Հայաստանում` ոչ: Տարբեր երկրներում եմ եղել, հայերն այնպիսի կառույցներ են ստեղծել, որ ապշում եմ` ինչո՞ւ են Հայաստանը թողել-գնացել, դրսում արարել․․․
Զրույցը վարեց Հայկ Գևորգյանը
https://hraparak.am/post/c6294abd48456464ea9b9aed207d4e53
Այժմ, եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ ստորագրի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին փաստաթուղթը և դրանով իսկ փաստացի ճանաչի Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը, նման փաստաթուղթ առաջին անգամ (!) կհայտնվի պատմության մեջ։ Ահա թե ինչու են Ալիևն ու իր իսրայելցի տերերը այդքան շտապում և ամեն գնով ձգտում ստանալ այդ թղթի կտորը։ Փաշինյանը ոչ միայն օրինականություն կհաղորդի Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիային, այլև կզրկի հայերի ապագա սերունդներին մեր պատմական տարածքի նկատմամբ սեփականության իրավունքից։ Դա կլինի ՀՀ ազգային շահերի մեծագույն դավաճանությունը։ Դավաճանություն, որը երբեք չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ։
Իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ ղեկավարությունից որեւէ մեկի ստորագրած ցանկացած փաստաթուղթ սկզբից մինչեւ վերջ կլինի ոչ լեգիտիմ։ Պարզաբանենք մեր միտքը։
Այս համատեքստում կա իրավիճակի զարգացման երեք տարբերակ.
1. Եթե Փաշինյանը Արցախը համարում է առանձին պետություն, ապա նա իրավունք չունի որևէ փաստաթուղթ ստորագրել այլ պետության անունից։
2. Եթե ՀՀ վարչապետը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, ապա նա իրավունք չունի ոչ միայն Արցախի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել, այլև ընդհանրապես մասնակցել բանակցություններին։ Տվյալ դեպքում Ադրբեջանը պետք է բանակցի միայն Արցախի հետ, առանց Հայաստանի, քանի որ ղարաբաղյան հարցը դիտարկվելու է որպես ներպետական խնդիր։
3. Իսկ եթե Փաշինյանը Արցախը համարում է Հայաստանի մաս, ինչի մասին նա հայտարարել էր Ստեփանակերտում անցկացված հանրահավաքում, ապա Ադրբեջանին հանձնելով Արցախի ինչ-որ տարածքներ, նա դրանով իսկ պետական դավաճանության ակտ է կատարում, ինչը կրկին ապալեգիտիմիզացնում է նրա որոշումը։
Չափազանց դժվար է հասնել նպատակին, երբ չգիտես, թե որն է նպատակդ։ Անհնար է ճանապարհ անցնել, եթե չգիտես, թե ուր ես գնում։ Անիմաստ է ինչ-որ փաստաթղթեր ստորագրել՝ իմանալով, որ դրանք անպայման կվիճարկվեն եւ կվերանայվեն։
Փաշինյան, ի վերջո, ի՞նչ ես ուզում։
Քո խոսքերով՝ Ղարաբաղը մեկ Հայաստանի մի մասն է, մեկ՝ առանձին պետություն, մեկ՝ Ադրբեջանի մաս։ Կողմնորոշվի՛ր վերջապես։ Կամ եթե չես կարողանում կողմնորոշվել, ապա օգնության համար դիմիր Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի այն ընկերներին, ովքեր քեզ իշխանության բերեցին՝ մինչև վերջ չբացատրելով, թե ինչպես պետք է վաճառել Հայրենիքը, որ և գայլերը կուշտ լինեն, և բոլորին քաջ հայտնի ոչխարները՝ ողջ...
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ Ուժ Պլյուս" անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր
"Երրորդ ՈՒժ Պլյուս"-ը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Թերթը ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի ԱԴԾ-ի (նախկին ԿԳԲ-ի) ջանքերով՝ ԱՄՆ իշխանությունների պատվերով։
ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԿՆՔԵՆ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ։ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾՈՒՂԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Արդյո՞ք Փաշինյանը հասկանում է, թե ինչ թակարդ են պատրաստում իր համար և ինչ վտանգի է ինքը ենթարկում Հայաստանն ու հայ ժողովրդին: Ի՞նչ է սա. տգիտությո՞ւն, թե՞ դավաճանություն․․․
"Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի": Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով, խաղաղության պայմանագրի իր տարբերակները Հայաստանը արդեն ներկայացրել է Բաքվին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը. նա հույս հայտնեց, որ Ադրբեջանը դրական կարձագանքի դրանց:
Լսում ես երբեմն Հայաստանի կառավարության ղեկավարին ու ակամայից մտածում. ո՞վ է խորհուրդներ տալիս այդ մարդուն։ Արդյո՞ք նա գիտակցում է իր ասած խոսքերի իմաստը, հասկանո՞ւմ է ինչ վտանգի է ենթարկում Հայաստանն ու հայ ժողովրդին։ Այս կապակցությամբ կցանկանայի մի քանի հարց ուղղել Փաշինյանին:
Նախ, ինչո՞ւ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ ոչ թե Արցախն ու Ադրբեջանը։ Չէ որ 30 տարի հայկական կողմը պնդում էր, որ պատերազմ է ընթանում Արցախի և Ադրբեջանի միջև, որը զինված ագրեսիա է սկսել հայկական երկրորդ հանրապետության դեմ։ Ինչո՞ւ է Փաշինյանը կրկնում Բաքվի կեղծ վարկածը, թե պատերազը ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Երկրորդ. ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագիր կնքել մի պետության հետ, որին պատերազմ չես հայտարարել և որը քեզ պաշտոնապես պատերազմ նույնպես չի հայտարարել։ Սա ի՞նչ կրետինիզմ է: Դա նույն է, եթե բաժանվես մի մարդուց, ում հետ ամուսնացած չէիր...
Երրորդ. եթե խաղաղության պայմանագիրը ստորագրում են ոչ թե Արցախն ու Ադրբեջանը, այլ Հայաստանն ու Ադրբեջանը, ապա Փաշինյանը դրանով Հայաստանին, ըստ էության, հայտարարում է ագրեսոր, որը 30 տարի ապօրինաբար օկուպացրել է ադրբեջանական տարածքները։ Փաշինյանը հասկանո՞ւմ է, թե դրանից հետո ի՞նչ հետևանքներ են սպասում Հայաստանին, ի՞նչ ծուղակ են պատրաստում մեր երկրի համար։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե սա ինչ է. տգիտությո՞ւն, թե՞ դավաճանություն:
Եթե նա չի հասկանում, ապա հակիրճ բացատրենք նրան, թե ինչով է հղի հայկական կողմի այս ֆանտաստիկ հիմարությունը։ Եթե Հայաստանը 30 տարի ապօրինաբար օկուպացրել է ադրբեջանական տարածքները, ապա Ադրբեջանը նրան հաշիվ կներկայացնի "օկուպացիայի" բոլոր տարիների համար։ Բաքուն արդեն հնչեցրել է "փոխհատուցումների" նախնական թիվը՝ 50 միլիարդ դոլար։
Հետաքրքրականնայն է, որ նշյալ թիվը գրեթե համընկնում է այն թվի հետ, որը վերջերս հնչեցրեց ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը: Ռուսական ակադեմիայի տվյալներով՝ 2020 թ. սեպտեմբերին Արցախը նվաճելու համար Ադրբեջանը ծախսել է առնվազն 48 միլիարդ դոլար։ Պարոն Սարգսյանը պնդում է, որ այդ գումարներն ուղղվել են Ռուսաստանի, ԱՄՆ, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի իշխանություններին կաշառելուն: ՌԴ ակադեմիայի տեղեկություններով՝ Պուտինի շրջապատը Ադրբեջանի իշխանություններից ստացել է մոտ 10 միլիարդ դոլար: Նույն տվյալներով՝ առնվազն 3 միլիարդ 470 միլիոն դոլար Բաքուն փոխանցել է Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններին։
Պարոն Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ "թուրք-ադրբեջանական լոբբին պարզապես գնում է ռուս պաշտոնյաներին Կրեմլում։ Մենք անուն առ անուն գիտենք նրանց, ովքեր փող են ստանում ՌԴ-ում, որքան են ստանում և որտեղից են ստանում։ Եվս 3 միլիարդ 470 միլիոն դոլար Բաքուն վճարեց հայ քաղաքական գործիչներին Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության համար (https://thirdforceplus.blogspot.com/2021/10/10-10.html): Նշենք, որ մինչ օրս ոչ ոք չի հերքել ռուսական ակադեմիայի ներկայացուցչի այս հայտարարությունը։
Չորրորդ. Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող վճարել այդ աստղաբաշխական գումարը։ Փաշինյան, չե՞ս կռահում, թե փոխարենը ինչ "կխնդրի" Ադրբեջանը: Ճիշտ է՝ Սյունիքը։ Չես կարող փողով վճարել, վճարիր տարածքներով, ունեցվածքով, վատագույն դեպքում՝ տարբեր "միջանցքներով" և այլն։ Եթե սրան է ձգտում Հայաստանի վարչապետը, ապա նա ճիշտ ուղու վրա է։
Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, զարմացրեց նաև մեկ այլ հայտարարությամբ: Մեջբերում ենք. "Ուզում եմ ընդգծել, որ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը պետք է իրականացվի սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա։ Որովհետև առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, իսկ Ադրբեջանը շարունակելու է հայտարարել տարածքային պահանջների մասին"։
Զարմանալի է: Հայաստանի կառավարության ղեկավարը կամ չգիտի, կամ չի հասկանում, որ նախ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, իսկ հետո արդեն իրականացվի սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա։ Որովհետև շարունակվող պատերազմի, հրետակոծությունների և ռմբակոծությունների պայմաններում անհնար է հստակեցնել և գծել սահմանները պատերազմող կողմերի միջև։ Ադրբեջանը առանձնապես չի ձգտում նախ խաղաղության պայմանագիր կնքել, հետո միայն հստակեցնել սահմանները, քանի որ պայմանագրի ստորագրմամբ վերանալու է պատերազմով շանտաժի ենթարկվելու հնարավորությունը՝ կրկին ագրեսոր լինելու վտանգ կա։ Փաշինյանը կարծես թե նույն մտավախությունն ունի...
Եվ ամենահետաքրքիրը. ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը պետք է ստորագրվի հենց հիմա` հայ ժողովրդի դեմ ահաբեկչական ագրեսիայից ընդամենը 3,5 տարի անց, չավարտված պատերազմի պայմաններում։ Սա ի՞նչ շտապողականություն է: 1994 թվականից սկսած ոչ ոք չէր շտապեցնում Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ինչո՞ւ են շտապեցնում Հայաստանին, պատերազմից ընդամենը 3,5 տարի անց: 1996 թ․ մինչ օրս, 28 տարի շարունակ, իրար դեմ չպատերազմող Վրաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում ճշտել երկու հանրապետությունների միջև սահմանները: Եվ ոչ ոք նրանց չի շտապեցնում: Ինչո՞ւ են այդպես շտապեցնում հայ ժողովրդին։ Պատասխանիր, Փաշինյան․․․
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ Ուժ Պլյուս" անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր
"Երրորդ ՈՒժ Պլյուս"-ը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Թերթը ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի ԱԴԾ-ի (նախկին ԿԳԲ-ի) ջանքերով՝ ԱՄՆ իշխանությունների պատվերով։
Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանդես է եկել Հայաստանի և ՀՀ քաղաքացիների դեմ կատարված հանցագործության մասին հաղորդագրությամբ։ Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայ ժողովրդից պահանջում է նվազեցնել Արցախի հարցում պահանջների նշաձողը։ Այսինքն՝ ստացվում է, որ ինչ-որ պետություններ ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ հայ ժողովրդին ստիպելով հրաժարվել Ստալինի կոմունիստական վարչակարգի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բռնազավթված իր պատմական տարածքներից։ Ընդ որում, Փաշինյանն ասել է, որ ճնշում են գործադրում անգամ "Հայաստանի որոշ բարեկամներ"։
Միջազգային հանրությունը բաղկացած է ավելի քան 200 պետությունից։ Ո՞ր երկրներն են ճնշում գործադրում Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա: Նիկոլ Փաշինյանը պետք է անմիջապես նշի այդ երկրները և այդ պետությունների այն քաղաքական գործիչների անունները, ովքեր կատարել են հիշյալ հանցագործությունը։ Այլապես հանրությունը նրան կմեղադրի ստախոսության մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Իրավիճակի փոքրիկ վերլուծություն. փորձենք հասկանալ, թե որ երկրներն են ճնշում գործադրում Հայաստանի վրա։
Ի՞նչ եք կարծում, Ֆրանսիան ճնշում գործադրում է Հայաստանի վրա: Միանշանակ՝ ոչ։ Ավելին՝ Ֆրանսիայի Ազգային Ժողովն ու Սենատը կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Ֆրանսիան գլխավորում է Ֆրանկոֆոնիան՝ ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունը։ Այս կառույցը միավորում է աշխարհի 54 պետություն, 7 ասոցացված անդամ, որոնք ներկայացնում են պետություններ և կառավարություններ, ինչպես նաև 27 դիտորդ անդամ, ընդհանուր առմամբ 88 անդամ, այսինքն՝ այն միջազգային հանրության գրեթե կեսը, որին հղում է անում Փաշինյանը։ Հասկանալի է, որ ֆրանկոֆոն երկրներն առնվազն աջակցում են առանցքային հարցերի շուրջ Փարիզի դիրքորոշմանը, գուցե ինչ-որ բացառություններով։
Հետաքրքիր է, իսկ ԱՄՆ-ն ԼՂ հարցում ճնշում գործադրու՞մ է Երևանի վրա։ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ 11 նահանգ և շատ քաղաքներ ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների խոշորագույն նահանգը՝ Կալիֆորնիան և ԱՄՆ խոշորագույն քաղաքներից մեկը՝ Լոս Անջելեսը, ընդունելով համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Պետք է արդյո՞ք նշել, որ նման որոշումներ չեն կայացվում առանց Ամերիկայի քաղաքական վերնախավերի համաձայնության։ Կարծում ենք՝ պատասխանն ակնհայտ է, նույնիսկ Հայաստանի ղեկավարների համար։ Ավելին՝ ԱՄՆ-ն մշտապես հիշեցնում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ինչն արդեն մատնանշում է Վաշինգտոնի դիրքորոշումը նման հակամարտություններում։
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ Ուժ Պլյուս" անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր
"Երրորդ ՈՒժ Պլյուս"-ը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Թերթը ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի ԱԴԾ-ի (նախկին ԿԳԲ-ի) ջանքերով՝ ԱՄՆ իշխանությունների պատվերով։

Комментариев нет:
Отправить комментарий